Տեխնոլոգիաների զարգացման արդյունքում առաջացած և ապակենտրոնացված համակարգի վրա հիմնված, հատուկ և չկրկնվող կոդով անհատականացող հաշվի միավորների՝ թոկենների (այսուհետ՝ կրիպտոակտիվ կամ կրիպտոարժույթ)վերաբերյալ իրավական ըմբռնումները և կարգավորումները մտնում են զարգացման ավելի
հասուն փուլ:
Ինչպես հասարակական կյանքի և գիտության, այդ թվում նաև իրավագիտության համար առաջին հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել որևէ երևույթի առաջացման դեպքում, դա այն է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ երևութը, այսինքն՝ ինչ է կրիպտոակտիվը կամ կրիպտոարժույթը որպես իրավական կատեգորիա, երևույթ:
Երևույթի առաջացման պահից կարգավորումների բացակայության պայմաններում մի խումբ իրավագետներ պնդեցին, որ կրիպտոակտիվը դա տեղեկատվություն է, որի համար հիմք էր հանդիսանում վերջինիս տեխնոլոգիական նկարագրությունը: Այդ մոտեցման հիմքերից ելնելով՝ առաջարկվում էր կրիպտոակտիվների նկատմամբ կիրառել տեղեկատվության՝ որպես քաղաքացիական շրջանառության օբյեկտի նկատմամբ կիրառման ենթակա կանոնները դրանց հետ կապված հասարակական հարաբերությունների կարգավորելու համար:
Երկրորդ խումբ իրավագետները, նկատի ունենալով կրիպտոարժույթների արժեք պահելու և ազատ շրջանառելի լինելու հանգամանքը, պնդեցին, որ կրիպտոարժույթները, ինչպես անվանումն է հուշում, պետք է դիտարկվի որպես փող և օգտագործվի ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար:
Երևույթի զարգացումը ցույց տվեց սակայն, որ ոչ առաջին և ոչ էլ երկրորդ մոտեցումները տեղ չգտան հասարակական կյանքում և օրենսդրության մեջ (չենք հերքում բացառությունները կամ բացառիկ երկրների, օրինակ Էլ Սալվադորի, փորձը կամ փորձարկումները): Դրա համար կային տարբեր պատճառներ, որոնց թվում կարելի է նշել այդ ակտիվները արժեքի հիմքի բացակայությունը, դրանց ազատ փոխարկելիության ճնշումը մի շարք երկրների կողմից օրենսդրական մակարդակով և այլ:
Ներկա փուլում կրիպտոարժույթները սկսել են դիտարկվել որպես ակտիվներ, այսինք գույք, որի նկատմամբ օրենսդրության տարբեր ճյուղեր սկսում են կիրառել ոչ միասնական մոտեցումներ:
Չնայած վերը նշվածին, կարելի է արդեն որոշակիությամբ պնդել, որ ՀՀ–ն գնում է կրիպտոակտիվները որպես գույք ճանաչելու և կարգավորելու ուղղությամբ: Այսպես, ՀՀ Ազգային Ժողովի կողմից 13 Հունիսի 2024թ. արդեն առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումների կատարելու մասին օրենքը հստակորեն նախատեսում է, որ կրիպտոակտիվը գույք է, որը ունի արժեք կամ հավաստում է իրավունք:
Այս կարգավորումը ամենաքիչը մերժում է այն մոտեցումը, որ կրիպտոակտիվները կարող են դիտարկվել որպես արժութային արժեքներ ինքնին, և բացառում է իրավական անորոշությունը այդ երևութի նկատմամբ գույքից տարբերվող շրջանառության այլ օբյեկտներին վերաբերող կանոնների կիրառումը:
Անկախ այն հանգամանքից (և դրան մենք դեռ կանդրադառնանք), որ սույն կարգավորման նախաձեռնությունը ներկայացված է անհարկի ծանրաբեռնված և ոչ անհրաժեշտ կանոնների ընդունման փաթեթով, շնորհավորում ենք բոլորիս կրիպտոակտիվների ինչ լինելու վերաբերյալ հարցին որոշակի իրավական պատասխան տալու առիթով:
Հեղինակ:
Գոռ Մարգարյան
Կառավարող գործընկեր, Legelata իրավաբանական ընկերություն
Այս նյութը ստեղծվել է «Լեգալատա» ՍՊԸ-ի համար: Այս հոդվածում պարունակվող տեղեկատվությունը միայն ընդհանուր տեղեկատվական նպատակների համար է և չի տրամադրում նկարագրված յուրաքանչյուր կետի համապարփակ վերլուծություն: Նախքան որևէ գործողություն կատարելը (կամ չձեռնարկելը), ընթերցողին խրախուսվում է դիմել մասնագիտական խորհրդատվություն՝ հարմարեցված իր կոնկրետ իրավիճակին: Legelata-ն կամ հեղինակը պատասխանատվություն չեն կրում այս նյութում պարունակվող տեղեկատվության բովանդակության վրա հիմնված որևէ գործողության կամ անգործության համար:
LEGELATA LLC 14.06.2024