Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է և յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի պաշտպանելու իրեն վերաբերող տվյալները, թույլ չտալու, որ իր, իր կյանքի, իր առօրյայի եւ իրեն վերաբերող ցանկացած տեղեկություն օգտագործվի ապօրինի կերպով եւ անհանգստացնի իրեն:
Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված այս իրավունքն առարկայացնելու համար 2015 թվականին ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը ՝ սահմանելով այն կանոնները, որոնք պետք է պահպանել մարդու վերաբերյալ տվյալների հետ առնչվելիս:
1. Անձնական Տվյալների Սահմանումը ԵՒ Տեսակները:
Անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը (օրինակ՝ մարդու լուսանկարը, անունը և ազգանունը):
Անձնական տվյալները կարող են լինել նաև այնպիսին, որ կարող են թույլ տալ անուղղակիորեն նույնականացնել մարդուն: Այս դեպքում անձնական տվյալն անհրաժեշտ կլինի համադրել այլ տեղեկությունների հետ նույնպես: Օրինակ, միայն մարդու բջջային հեռախոսահամարը բավարար չէ միանգամից նույնականացնելու մարդուն: Անհրաժեշտ կլինի նաև այլ տեղեկություններ, օրինակ վերջինիս անուն-ազգանունը, բնակության հասցեն և այլն:
Անձնական տվյալները լինում են 4 տեսակի: Դրանք են.
- Կենսաչափական անձնական տվյալներ,
- Անձնական կյանքի տվյալներ,
- Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ,
- Հանրամատչելի անձնական տվյալներ:
2. Կենսաչափական (Բիոմետրիկ) Անձնական Տվյալներ. Տեսակները ԵՒ Կենսաչափական Անձնական Տվյալների Պաշտպանությունը:
Կենսաչափական անձնական տվյալներ են համարվում մարդու անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական եւ կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկությունները:
Կենսաչափական անձնական տվյալներն ունեն իրենց առանձնահատկությունները. դրանք որպես կանոն՝
ա) շատ մոտ են մարդուն, եւ դրանք հնարավոր է ստանալ միայն մարդուց, անհրաժեշտ է մարդու ֆիզիկական ներկայությունը.
բ) թույլ են տալիս անսխալական նույնականացնել մարդուն, քանի որ ունիկալ են, վերաբերում են (պատկանում են) միայն մի մարդու եւ չեն կրկնվում:
Այսպես, կենսաչափական անձնական տվյալներ են օրինակ մատնահետքը, մարդու աչքի ցանցաթաղանթը, լուսանկարը, ԴՆԹ կոդը, ստորագրությունը, ձայնը եւ այլն:
Իրենց առանձնահատկությունների պատճառով կենսաչափական անձնական տվյալները համարվում են զգայուն անձնական տվյալներ, քանի որ դրանք մարդուն անսխալական նույնականացնելու հնարավորություն են տալիս: Ուստի, այս տվյալներն առանձնահատուկ պաշտպանության կարիք ունեն, եւ չպետք է օգտագործվեն, եթե առանց դրանց՝ այլ տվյալների միջոցով, հնարավոր է հասնել անձնական տվյալների մշակման նպատակին: Ավելին, Կենսաչափական անձնական տվյալներ մշակվում են միայն տվյալների սուբյեկտի համաձայնությամբ:
Սակայն, հաշվի առնելով կենսաչափական անձնական տվյալների առանձնահատկությունները և դրանց պաշտպանության կարևորությունը, նախքան կենսաչափական անձնական տվյալների մշակումը սկսելը, այդպիսի մտադրություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը (Մշակողը) մինչև կենսաչափական անձնական տվյալներ մշակելը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը ծանուցել տվյալներ մշակելու, մշակվող տվյալները երրորդ անձանց կամ երրորդ երկրներ փոխանցելու մտադրության մասին:
3. Տվյալների Սուբյեկտի ԵՒ Մշակողի Իրավունքներն Ու Պարտականությունները:
Տվյալների սուբյեկտն իրավունք ունի անվճար ստանալու տեղեկություններ իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները:
Տվյալների սուբյեկտն իրավունք ունի անվճար ծանոթանալու իր անձնական տվյալներին, մշակողից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար:
Մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին հնարավորություն ընձեռել անվճար ծանոթանալու տվյալների սուբյեկտին վերաբերող անձնական տվյալներին: Եթե տվյալների սուբյեկտի անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար, ապա մշակողի կամ լիազորված անձի կողմից դրանք հայտնաբերվելու կամ տվյալների սուբյեկտի կամ օրինական ներկայացուցչի (կամ լիազորված անձի) կողմից դիմում ստանալուց հետո մշակողը պարտավոր է անհապաղ կամ նման հնարավորության բացակայության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ գործողություններ իրականացնել դրանք ամբողջացնելու, թարմացնելու, ուղղելու, ուղեփակելու կամ ոչնչացնելու ուղղությամբ:
Տվյալների սուբյեկտի գրավոր պահանջի հիման վրա տվյալների սուբյեկտի անձնական տվյալները տրամադրելը, ուղղելը, ուղեփակելը կամ ոչնչացնելը մերժելու դեպքում մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին և լիազոր մարմնին հարցումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում տրամադրել պատճառաբանված գրավոր որոշում` հղում կատարելով այն օրենքի դրույթներին, որոնք հիմք են հանդիսացել որոշում ընդունելու համար:
Անձնական տվյալները տրամադրելը, ուղղելը, ուղեփակելը կամ ոչնչացնելը մերժելու հիմքերը Գործակալության կողմից հիմնավորված չհամարվելու դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ տրամադրել, ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել տվյալների սուբյեկտի անձնական տվյալները կամ լիազոր մարմնի որոշումը բողոքարկել դատական կարգով:
Հեղինակ:
Արտյոմ Պողոսյան
Իրավաբան, Legelata իրավաբանական ընկերություն
Այս նյութը ստեղծվել է «Լեգալատա» ՍՊԸ-ի համար: Այս հոդվածում պարունակվող տեղեկատվությունը միայն ընդհանուր տեղեկատվական նպատակների համար է և չի տրամադրում նկարագրված յուրաքանչյուր կետի համապարփակ վերլուծություն: Նախքան որևէ գործողություն կատարելը (կամ չձեռնարկելը), ընթերցողին խրախուսվում է դիմել մասնագիտական խորհրդատվություն՝ հարմարեցված իր կոնկրետ իրավիճակին: Legelata-ն կամ հեղինակը պատասխանատվություն չեն կրում այս նյութում պարունակվող տեղեկատվության բովանդակության վրա հիմնված որևէ գործողության կամ անգործության համար:
LEGELATA LLC 26.04.2024