ԻՐԱՎԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄ
ՆՈՅԵՄԲԵՐ 2024
ՄԱՍ I. ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Բնակչության բժշակական օգնության եւ սպասարման մասին օրենքում մինչեւ 16
տարեկան երեխայի առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ
սպասարկման մասին տեղեկություն ստանալու իրավունքի վերաբերյալ լրացում
կատարելու մասին
2. ՀՀ Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ մաքսային
հայտարարագիր ներկայացնելու դեպքերը սահմանելու վերաբերյալ փոփոխություն եւ
լրացում կատարելու մասին
3. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում կրիպտոակտիվների ձեռքբերման
վերաբերյալ անկանխիկ ձեւով գործարքների իրականացման վերաբերյալ լրացումներ
կատարելու մասին
4. Քաղաքացիական դատավարության օրենսգրքում պետական տուրքի
վճարման չափի եւ հայցադիմումի ընդունումը մերժելու
հիմքերի վերաբերյալ լրացումներ եւ փոփոխություններ
կատարելու մասին
5. Քաղաքացիական օրենսգրքում կրիպտոակտիվների եւ դրանց
իրավական կարգավորման վերաբերյալ լրացումներ կատարելու
մասին
6. Մաքսային կարգավորման մասին մաքսային կանների խախտման գործերի
քննության վերաբերյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում աշխատանքային
պայմանագրի լուծման հիմքերի վերաբերյալ լրացումներ կատարելու մասին
8. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում բռնագանձման
չենթակա գույքի վերաբերյալ լրացում կատարելու մասին
9. Հայաստանի Հանրապետության «Գովազդի մասին» օրենքում ապրանքների առանձին
տեսակների գովազդի առանձնահատկությունների վերաբերյալ փոփոխություններ եւ
լրացում կատարելու մասին
10. Դեղերի մասին օրենքում փոփոխություն ուժը կորցրած ճանաչված դրույթների վերաբերյալ
ՄԱՍ II. ՆԱԽԱԳԾԵՐ
1. «Շենքերի եւ շինությունների անձնագրավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու եւ ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին.
ՄԱՍ III. ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով անձանց նախաորակավորման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշում
ՄԱՍ IV. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐ.
1. Դատական Գործ N: ՎԴ5/0258/05/24 օտարալեզու գրվածքի օգտագործման թույլատրելիության մասին.
ՄԱՍ I. ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
(Իրավական թարմացումների այս բաժնում ներառվում են այն իրավական ակտերը, որոնք 2024թվականի նոյեմբեր ամսվան ենթարկվել են փոփոխության)
1. Բնակչության բժշակական օգնության եւ սպասարման մասին օրենքում մինչեւ 16 տարեկան երեխայի առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման մասին տեղեկություն ստանալու իրավունքի վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-373-Ն որոշում
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է 18.11.2024 թվականից։
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Փոփոխությունը վերաբերում է միայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին»
օրենքին:
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝:
Փոփոխությունը վերաբերում է մինչեւ 16 տարեկան երեխայի՝ առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման մասին տեղեկություն ստանալու մարդու (պացիենտի) իրավունքին։ Մասնավորապես՝ համաձայն նոր փոփոխության օրենքով սահմանված կարգով մինչեւ 16 տարեկան երեխային տրամադրվում են տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ տեղեկություն, եթե առկա են օրենքով նախատեսված պայմանների միաժամանակյա առկայությունը։
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ- 42 օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը «անգործունակ ճանաչված անձի,» բառերից հետո լրացնել «մինչեւ 16 տարեկան» բառերով, 2-րդ մասի 1-ին կետը «անգործունակ ճանաչված անձը,» բառերից հետո՝ «մինչեւ 16 տարեկան» բառերով, 2-րդ մասի 2-րդ կետը «անգործունակ ճանաչված անձին,» բառերից հետո՝ «մինչեւ 16 տարեկան» բառերով։
Հին տարբերակ
2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ
ճանաչված անձի, երեխայի (պացիենտի)
վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով
նախատեսված տեղեկությունները տրամադրվում
են նրան, եթե միաժամանակ առկա են հետեւյալ
պայմանները.;
1) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված
կարգով անգործունակ ճանաչված անձը, երեխան
ի վիճակի են գնահատել իրենց առողջական
վիճակը.
2) այդ տեղեկությունները չեն վնասի օրենքով
սահմանված կարգով անգործունակ ճանաչված
անձին, երեխային կամ կդյուրացնեն նրան
բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրումը.
3) օրինական ներկայացուցիչները չեն առարկում
այդ տեղեկությունները տրամադրելուն:.
3. Օրենքով սահմանված կարգով անգործունակ
ճանաչված անձի, երեխայի (պացիենտի)
վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասով
նախատեսված տեղեկությունները միաժամանակ
տրամադրվում են նրա օրինական
ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության
դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձին,
իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված
պայմանների բացակայության դեպքում՝ միայն
օրինական ներկայացուցչին կամ վերջինիս
բացակայության դեպքում՝ լիազորված
կոնտակտային անձին:
Նոր տարբերակ
2. Օրենքով սահմանված կարգով անգործունակ
ճանաչված անձի, մինչեւ 16 տարեկան երեխայի
(պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին
մասով նախատեսված տեղեկությունները
տրամադրվում են նրան, եթե միաժամանակ առկա
են հետեւյալ պայմանները.
1) եթե բժշկի կարծիքով օրենքով սահմանված
կարգով անգործունակ ճանաչված անձը, մինչեւ 16
տարեկան երեխան ի վիճակի են գնահատել իրենց
առողջական վիճակը.
2) այդ տեղեկությունները չեն վնասի օրենքով
սահմանված կարգով անգործունակ ճանաչված
անձին, մինչեւ 16 տարեկան երեխային կամ
կդյուրացնեն նրան բժշկական օգնության եւ
սպասարկման տրամադրումը.
3) օրինական ներկայացուցիչները չեն առարկում
այդ տեղեկությունները տրամադրելուն:.
3. Օրենքով սահմանված կարգով անգործունակ
ճանաչված անձի, մինչեւ 16 տարեկան երեխայի
(պացիենտի) վերաբերյալ սույն հոդվածի 1-ին
մասով նախատեսված տեղեկությունները
միաժամանակ տրամադրվում են նրա օրինական
ներկայացուցչին կամ վերջինիս բացակայության
դեպքում՝ նրա լիազորած կոնտակտային անձին,
իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված
պայմանների բացակայության դեպքում՝ միայն
օրինական ներկայացուցչին կամ վերջինիս
բացակայության դեպքում՝ լիազորված
կոնտակտային անձին:
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Եթե Դուք զբաղվում եք բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտի հետ, ապա առաջակում ենք ուշադիր լինել վերջին իրավական փոփոխություններին, համաձայ որի իրավունք է վերապահվում նաեւ մինչեւ 16 տարեկան երեխային մատչելի ձեւով ստանալու տեղեկություն իր առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների ընտրության, կիրառման ընթացքի եւ արդյունքների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ։
2. ՀՀ Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-Ն որոշման մեջ մաքսային հայտարարագիր ներկայացնելու դեպքերը սահմանելու վերաբերյալ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
ՀՀ Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին N 1720-Ն որոշում.
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում փոփոխություն է տեղի ունենալու ՀՀ Կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1340-ն որոշման
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով
ներկայացնելու դեպքերին, ինչպես նաեւ այն ապրանքների ցանկին, որոնց համար մաքսային
հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում։
Որոշման 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
2. Սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը եւ դեպքերը, որոնց համար
մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակ չի պահանջվում՝
համաձայն հավելվածի։
2) որոշումը լրացնել հավելվածով՝ համաձայն հավելվածի։
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԳՐԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՕՐԻՆԱԿ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
1. Մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում՝
1) այն ապրանքների համար, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվում են հատուկ մաքսային ընթացակարգով.
2) ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար.
3) «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11- ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 40-րդ գլխին համապատասխան՝ միջազգային փոստային առաքումներով փոխադրումների դեպքում.
4) օրենսգրքի 42-րդ գլխին համապատասխան` դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին եւ անդամ պետությունների միջեւ միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից եւ (կամ) անձեռնմխելիություններից օգտվող միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների, ինչպես նաեւ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին եւ անդամ պետությունների միջեւ միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից եւ (կամ) անձեռնմխելիություններից օգտվող ֆիզիկական անձանց առանձին կատեգորիաների կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում.
5) որպես մաքսային հայտարարագիր՝ տրանսպորտային (փոխադրման), առեւտրային եւ (կամ) այլ փաստաթղթերի օգտագործման դեպքում.
6) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար տրանսպորտային միջոցի հայտարարագրի ներկայացման դեպքում:
2. Սույն հավելվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, հայտարարատուի կողմից սույն հավելվածին կից օրինակելի ձեւին համապատասխան ներկայացված դիմումի եւ տրանսպորտային միջոցի հայտարարագրի թղթային օրինակի կամ որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր կիրառվող՝ օրենսգրքի 278-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի կողմից, հաշվառման եւ հսկողության նպատակով, նշված փաստաթղթերի ներկայացումից հետո՝ 2 աշխատանքային ժամվա ընթացքում, ավտոմատ հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձեւավորվում է տրանսպորտային միջոցի հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ, որին կցվում են հայտարարատուի կողմից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները։
3. Սույն հավելվածի 2-րդ կետին համապատասխան ձեւավորված՝ տրանսպորտային միջոցի հայտարարագրի տեսք ունեցող փաստաթղթում լրացվում են տրանսպորտային միջոցի
հայտարարագրի լրացման կարգին համապատասխան լրացման ենթակա անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝
1) փոխադրման ուղղությունը (ներմուծում կամ արտահանում).
2) հայտարարագրի գրանցման համարը.
3) տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկությունները (մակնիշ, մոդել, տեսակ, գրանցման համարանիշ, գրանցման երկիր, նույնականացման համար).
4) ապրանքները փոխադրող անձի, տրանսպորտային միջոցի օգտագործման համար պատասխանատու անձի անվանումը.
5) փոխադրման երթուղին.
6) անձնակազմի առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
7) փոխադրվող ուղեւորների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
8) պաշարների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
9) ապրանքների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
10) պահեստային մասերի եւ սարքավորումների առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկություններ.
11) փոխադրման (ներմուծման կամ արտահանման) նպատակը.
12) հայտարարատուի անունը, ազգանունը, դիմումի ներկայացման ամսաթիվը.
13) ժամանակավոր ներմուծում (արտահանում) ձեւակերպող մաքսային մարմնի անվանումը, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը, մաքսային հսկողության ձեւերը (անհրաժեշտության դեպքում), ժամանակավոր ներմուծման ժամկետը.
14) ժամանակավոր ներմուծումն ավարտող մաքսային մարմնի անվանումը, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթիվը, մաքսային հսկողության ձեւերը (անհրաժեշտության դեպքում).
15) առկայության դեպքում՝ միջանկյալ մաքսային մարմնի անվանումը, մաքսային գործառնությունների իրականացման ամսաթիվը, մաքսային հսկողության ձեւերը (անհրաժեշտության դեպքում), ժամանակավոր ներմուծման ժամկետի երկարաձգման վերաբերյալ տեղեկություններ.
16) առկայության դեպքում՝ լրացուցիչ, հատուկ նշումներ։
4. Ժամանակավոր ներմուծված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի արտահանման կամ ժամանակավոր արտահանված՝ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի ներմուծման դեպքում տրանսպորտային միջոցի նոր մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, եւ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգում մաքսային մարմնի կողմից սույն հավելվածի 2-րդ կետին համապատասխան ձեւավորված՝ տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսք ունեցող փաստաթղթում լրացվում են՝
1) ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման ավարտը ձեւակերպող մաքսային մարմնի վերաբերյալ տեղեկություններ.
2) մուտքի (ելքի) ամսաթիվը.
3) անհրաժեշտության դեպքում՝ մաքսային հսկողության արդյունքները եւ այլ տեղեկություններ՝ առկայության դեպքում։
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Համաձայն փոփոխության այսուհետ հստակ հավելվածով սահմանվում է թե որ դեպքերում է, երբ
Մաքսային հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում։ Հետեւաբար, եթե Դուք Ձեր գործունեության արդյունքում առնչվում եքմաքսային հայտարարգիր ներկայացնելու ապրանքների ցանկին, հետեւաբար առաջարկում ենք
ուշադիր լինել վերոնշյալ փոփոխությանը, որի վերաբերյալ փոփոխությունը ուժի մեջ է մտնելու 2025
թվականի ապրիլի 1-ից։
3. «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում կրիպտոակտիվների ձեռքբերման վերաբերյալ անկանխիկ ձեւով գործարքների իրականացման վերաբերյալ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-395-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում լրացում է տեղի ունենալու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա
նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարման եւ վճարման ստացման ստացման եղանակին։
«Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքը
լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման վերաբերյալ անկանխիկ ձեւով գործարքների իրականացումը:
1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումն իրականացվում են անկանխիկ ձեւով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից։
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Առաջարկում ենք հետեւողական լինել օրենքում տեղի ունեցող նոր դրույթի ավելացմանը, որը այսուհետ վերաբերում է կրիպտոակտիվի ձեռքբերման վերաբերյալ անկանխիկ ձեւով գործարքների
իրականացմանը, այն է անկախ վճարման ենթակա գումարի չափից։Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է
մտնելու 2026թ.-ի հունվարի 1-ից, այնուամենայնիվ եթե Դուք զբաղվում եք կրիպտոակտիվի օտարմամբ կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերմամբ, ապա ուշադրությունը հրավիրում ենք վերջինիս իրականացման եղանակի վերաբերյալ օրենսդրական փոփոխության վրա։
4. Քաղաքացիական դատավարության օրենսգրքում պետական տուրքի վճարման չափի եւ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերի վերաբերյալ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-391-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 12-ից:
Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա։
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում լրացում է տեղի ունենալու «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է պետական տուրքի վճարման չափին եւ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերին։
2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
Հոդված 102. Պետական տուրքը
9.1. Եթե «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել պետական տուրքի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար օրենքով սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում, եթե համապատասխան պահանջի բավարարումը հանգեցնում է պայմանագրի անվավերության կամ ազդում է պայմանագրի գնի վրա, ապա դատարանը դատական ակտով անդրադառնում է պայմանագրի գնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:
2) 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
112. Եթե գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ընթացքում դատարանը որոշում է կայացնում այն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, ապա հայցվորը պարտավոր է վճարել օրենքով ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի չափը։ Այս դեպքում դատարանը դատական ակտով անդրադառնում է ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար սահմանված չափին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:
Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.
Հոդված 126. Հայցադիմումի ընդունումը մերժելը
Առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
6) հայցադիմումում ձեւակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (հայցն
ակնհայտորեն ենթակա է լինելու մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից).
7) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:.
Օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել
Հոդված 301. Պարզեցված վարույթը դադարեցնելը.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին որոշման մեջ դատարանը նշում է կատարում եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հնարավորության վերաբերյալ:
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Առաջարկում ենք հետեւողական լինել օրենքում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք
մասնավորապես վերաբերում են պետական տուրքի չափին, ինչպես նաեւ հայցադիմումի ընդունման
մերժման հիմքերին։ Փոփոխությամբ նաեւ ուժը կորցրած են ճանաչվել պարզեցված վարույթի
ընթացքում ընդհանուր հայցային վարույթի կարգով անցնելու ժամանակ դատարանի իրավասությանը՝
դատական ակտով ընդհանուր հայցային վարույթի կարգով հայցադիմում ներկայացնելու համար
սահմանված չափին անդրադառնալուն, ինչպես նաեւ ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու
մասին որոշմամբ եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու
հնարավորությանը։ Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված
հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա։
5. Քաղաքացիական օրենսգրքում կրիպտոակտիվների եւ դրանց իրավական կարգավորման վերաբերյալ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-394-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 21-ից:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում լրացում է տեղի ունենալու «Քաղաքացիական օրենսգրքում»
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է կրիպտոակտիվներին եւ դրանց իրավական
կարգավորմանը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 1-ին կետը «դրամական միջոցները,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվները,» բառով։
Հոդված 132. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները
Քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են`
1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, կրիպտոակտիվները, արժեթղթերը եւ գույքային իրավունքները.
2) աշխատանքները եւ ծառայությունները.
3) տեղեկատվությունը.
4) մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).
5) ոչ նյութական բարիքները:.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 143.1-ին հոդվածով
Հոդված 143.1. Կրիպտոակտիվը
1. Կրիպտոակտիվը ծածկագրման (կրիպտոգրաֆիայի) վրա հիմնված գույք է, որն ունի արժեք կամ հավաստում է իրավունք, եւ որը կարող է փոխանցվել եւ պահպանվել բացառապես էլեկտրոնային եղանակով` ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի միջոցով։
2. Սույն հոդվածի իմաստով՝ ապակենտրոնացված գրանցամատյանը էլեկտրոնային գրանցամատյան է, որտեղ գրանցվում են կրիպտոակտիվներով գործարքները եւ դրանց մասին տվյալները, եւ որը սինխրոնիզացվում է եւ պահպանվելուն զուգընթաց հասանելի է ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի ներսում՝ կիրառելով փոխհամաձայնության մեխանիզմ։
3. Սույն հոդվածի իմաստով՝ փոխհամաձայնության մեխանիզմը կանոնների եւ գործընթացների ամբողջություն է, որոնց հիման վրա ձեռք է բերվում համաձայնություն ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցի կողմից ապակենտրոնացված գրանցամատյանում գործարքների վավերացման եւ գրանցման պայմանների վերաբերյալ։
4. Սույն հոդվածի իմաստով՝ ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի ցանցը սարքավորումների կամ գործընթացների ամբողջությունն է, որոնցից յուրաքանչյուրի միջոցով ամբողջությամբ կամ մասնակիորեն պահպանվում են ապակենտրոնացված գրանցամատյանում գրանցված բոլոր գործարքները եւ դրանց մասին տվյալները։
5. Օրենքի խախտմամբ, այդ թվում՝ նման արգելք սահմանող դատական կամ վարչական ակտի պահանջների անտեսմամբ կրիպտոակտիվի օտարումն առ ոչինչ է։.
Օրենսգրքի 176-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով
Հոդված 176. Պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահը
3. Անձը կրիպտոակտիվի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում՝
1) ապակենտրոնացված գրանցամատյանում, դրա կանոնների համաձայն, կրիպտոակտիվ ստացող անձի հասցեում գրանցման պահից, եթե կրիպտոակտիվ ստացող անձը կամ նրա նշած անձն օրինական տիրապետում է կրիպտոակտիվին հասանելիություն ապահովող միջոցին.
2) օրենքի համաձայն՝ կրիպտոակտիվի պահառուի մոտ կրիպտոակտիվն ստացող անձի անունով գրանցման պահից:
Օրենսգրքի 589-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով
Հոդված 589. Փոխանակության պայմանագիր
3. Արգելվում է փոխանակության պայմանագրով կրիպտոակտիվի փոխարեն հանձնել կրիպտոակտիվ չհանդիսացող այլ ապրանք (գույք)։ Սույն կետի պահանջի խախտմամբ կնքված պայմանագիրը առ ոչինչ է։
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Առաջարկում ենք հետեւողական լինել օրենքում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք այուհետ
Քաղաքացիական օրենսգրքում իր իրավական կարգավորումն է ստացել Կրիպրոակտիվը, հետեւաբար
եթե Դուք հետաքրքրված եք կամ զբաղվում եք տվյալ ոլորտով, ապա անհրաժեշտ է ուշադիր
լինելիրավական փոփոխություններին եւ զարգացումներին։
6. Մաքսային կարգավորման մասին մաքսային կանների խախտման գործերի քննության վերաբերյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՕ 386-Ն.
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է 2024 թվականի նոյեմբերի 12-ից:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում լրացում է տեղի ունենալու «Մաքսային կարգավորման մասին» օրենքում
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է մաքսային կանների խախտման վերաբերյալ գործերի քննությանը, դրանց ծանուցման կարգին։
Օրենքի 322-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1. եւ 7-րդ մասերով.
Հոդված 322. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի առանձնահատկությունները
5.1. Մաքսային մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է վարույթի իրականացումը փոխանցել մաքսային մարմնի մեկ այլ կառուցվածքային ստորաբաժանման, եթե մաքսային իրավախախտում կատարած անձի գտնվելու կամ բնակության վայրը տարածքային առումով ավելի մոտ է տվյալ կառուցվածքային ստորաբաժանմանը՝ հաշվի առնելով գործի քննության բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու հնարավորությունը:
7. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ հարուցելուց հետո մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իր տրամադրության տակ համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ունենալու, տվյալ գործի հանգամանքները բավարար չափով պարզված լինելու դեպքում գործը քննում է անմիջապես՝ մաքսային կանոնների խախտում թույլ տված անձանց կողմից առարկություն չներկայացվելու պարագայում, որի մասին կազմվում է արձանագրություն: Մաքսային կանոնների խախտում թույլ տված անձանց կողմից առարկություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է սույն օրենքով նախատեսված ընդհանուր կարգով:
Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 325.1-ին հոդվածով
Հոդված 325.1. Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգը
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկ վճարողի (այսուհետ՝ հարկ վճարող) գործադիր մարմնի ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթի այն փաստաթղթերը, որոնք օրենքով ենթակա են պարտադիր ծանուցման (արձանագրություններ, ծանուցագրեր, որոշումներ, ակտեր եւ այլն), կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով:
2. Հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարը կամ անհատ ձեռնարկատերը, որը թույլ է տվել մաքսային կանոնների խախտում, համարվում է պատշաճ ծանուցված սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից:
3. Հարկ վճարողի՝ մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին եւ հարկ վճարողի աշխատակից չհանդիսացող ֆիզիկական անձին սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը ծանուցվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի՝ անձանց ծանուցման համակարգի միջոցով, եւ սույն մասում նշված անձինք համարվում են ծանուցված համակարգում փաստաթղթերը ներբեռնելու օրվան հաջորդող երրորդ օրը։
4. Մաքսային կանոնների խախտում կատարած օտարերկրյա ֆիզիկական անձին, որը վարույթի իրականացման ընթացքում գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, սակայն մաքսային մարմին տեղեկություն չի ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում իր բնակության կամ հաշվառման հասցեի մասին, պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուղարկվում են իր տրամադրած էլեկտրոնային փոստին, որը հավաստվում է էլեկտրոնային կառավարման համակարգի կողմից, եւ
համարվում են ծանուցված փաստաթղթերն ուղարկելու օրվան հաջորդող երրորդ օրվանից: Էլեկտրոնային փոստի բացակայության դեպքում ծանուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի դեպքում մաքսային կանոնների խախտում կատարած անձը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից:
Օրենքի 332-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
Հոդված 332. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունը
3. Մաքսային կանոնների խախտում կատարած անձի գրավոր դիմումի հիման վրա գործի քննությունը կարող է իրականացվել հեռահաղորդակցության միջոցներով, որի արդյունքներն ամփոփվում են գործի քննությունն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվող արձանագրությամբ: Եթե տեխնիկապես առկա է գործի քննությունը ձայնագրելու հնարավորություն, ապա արձանագրությանը կցվում է նաեւ ձայնագրությունը:
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Եթե Դուք զբաղվում ենք մաքսային գործունեությամբ, կամ առնչվում եք մաքսային գործունեությանը,
ապա առաջարկում ենք հետեւողական լինել նշված իրավական փոփոխությանը, քանի որ վերջինս
մասնավորապես վերաբերում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերին, դրանց
վերաբերյալ ծանուցման կարգին։
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի վերաբերյալ լրացումներ կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի վերաբերյալ լրացումներ կատարելու մասին ՀՕ-429-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 14-ից:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում լրացում է տեղի ունենալու «Աշխատանքային օրենսգրքում».
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերին,
պայմանագրի լուծման մասին ծանուցմանը։
2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
Հոդված 109. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`
14) մասնագիտական գործունեությունը շարունակելու համար աշխատողի կողմից օրենքով սահմանված լիցենզիան կամ հավաստագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում չներկայացվելու դեպքում՝ ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրվանից։
Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «12-րդ կետով» բառերից հետո լրացնել «եւ 109-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով» բառերով։
Հոդված 115. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչեւ մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչեւ հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչեւ տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչեւ տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ, իսկ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով եւ 109-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված հիմքերով՝ 3 օր առաջ:
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Համաձայն Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի, այուհետ մասնագիտական գործունեությունը շարունակելու համար աշխատողի կողմից օրենքով սահմանված լիցենզիան կամ հավաստագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում չներկայացվելու դեպքում՝ ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված։ Օրենքով կարգավորվել է նաեւ ծանուցման ժամկետները, ըստ որի տվյալ հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու համար գործատուն պարտավոր է ծանուցել աշխատողին 3օր առաջ։
8. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում բռնագանձման չենթակա գույքի վերաբերյալ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին ՀՕ-416-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 14-ից:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում լրացում է տեղի ունենալու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է բռնագանձման չենթակա գույքին վերաբերելի
դրույթներին։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի
(այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
1. Բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետեւյալ գույքի վրա`
Հին տարբերակ
8) որպես սոցիալական աջակցություն
տրամադրված գույքի:
Նոր տարբերակ
8) պետական կառավարման կամ տեղական
ինքնակառավարման մարմինների կողմից որպես
սոցիալական աջակցություն տրամադրված գույքի
կամ պետական կառավարման կամ տեղական
ինքնակառավարման մարմինների հետ
սոցիալական աջակցության տրամադրման
վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած
կազմակերպությունների կամ անհատ
ձեռնարկատերերի կողմից որպես սոցիալական
աջակցություն տրամադրված գույքի.
Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում՝:
Կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`
Հին տարբերակ
5) որպես պետական նպաստ կամ սոցիալական
աջակցություն, բացառությամբ օրենքով
սահմանված դեպքերի.
Նոր տարբերակ
5) որպես պետական նպաստ կամ պետական
կառավարման կամ տեղական
ինքնակառավարման մարմինների կողմից
տրամադրվող սոցիալական աջակցություն կամ
պետական կառավարման կամ տեղական
ինքնակառավարման մարմինների հետ
սոցիալական աջակցության տրամադրման
վերաբերյալ պայմանագիր կամ հուշագիր կնքած
կազմակերպությունների կամ անհատ
ձեռնարկատերերի կողմից տրամադրվող
սոցիալական աջակցություն կամ նշված
կազմակերպությունների, անձանց կամ
մարմինների կողմից տրամադրվող սոցիալական
աջակցության ոլորտի զբաղվածության ծրագրերի
գործողության ժամկետի ընթացքում ստացված
եկամուտներ
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Այսպիսով առաջակում ենք ծանոթանալ իրավական փոփոխությունների, քանի որ օրենքով փոփոխություն է տեղի ունեցել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասի» օրենքում, ըստ որի փոփոխվել է քաղաքացի-պարտապանին պատկանող գույքի վրա Բռնագանձում տարածելու հիմքերը, ինչպես նաեւ Կատարողական թերթով, կատարողական մակագրության թերթով բռնագանձման չենթակա դրամական գումարները։
9. Հայաստանի Հանրապետության «Գովազդի մասին» օրենքում ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունների վերաբերյալ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Գովազդի մասին օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին ՀՕ-157-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է 2024 թվականի նոյեմբերի 08-ից:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Որոշման արդյունքում լրացում է տեղի ունենալու «Գովազդի մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է ապրանքների առանձին տեսակների գովազդի
առանձնահատկություններին։
Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հոդված 15. Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները
Հին տարբերակ
Արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի եւ
բուժական մեթոդների գովազդը` առանց
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
թույլտվության:
Նոր տարբերակ
Արգելվում է դեղերի, բժշկական
արտադրատեսակների եւ բուժական մեթոդների
գովազդը առանց Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
թույլտվության: Արգելվում է չգրանցված բժշկական
արտադրատեսակների եւ չլիցենզավորված
սուբյեկտների գովազդը: Արգելվում է բժշկի
հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող
բժշկական արտադրատեսակների գովազդը
զանգվածային լրատվության միջոցներով:
7.4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Հին տարբերակ
Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական
մեթոդների գովազդի թույլտվության
տրամադրման կարգն ու այդ գովազդին
ներկայացվող պահանջները հաստատում է
Հայաստանի Հանրապետության
կառավարությունը:
Նոր տարբերակ
7.4. Բժշկական արտադրատեսակների եւ բուժական
մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման
կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու այդ
գովազդին ներկայացվող պահանջները սահմանում
է Հայաստանի Հանրապետության
կառավարությունը: Գովազդի թույլտվության
տրամադրման համար գանձվում է պետական
տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով
եւ չափով:
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Օրենքի փոփոխությունը մասնավորապես վերաբերում է ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնագատկություններին՝ մասնավորապես դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության: Հետեւաբար եթե Դուք զբաղվում եք բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտով, ապա առաջարկում ենք ծանոթանալ Գովազդի մասին օրենքում տեղի ունեցած փոփոխություններին։
10. Դեղերի մասին օրենքում փոփոխություն ուժը կորցրած ճանաչված դրույթների վերաբերյալ
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Դեղերի մասին օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու
մասին ՀՕ-153-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն օրենքն ուժի մեջ է 2024 թվականի նոյեմբերի 08-ից:
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Փոփոխության արդյունքում փոփոխություն է տեղի ունեցել «Գովազդի մասին» օրենքում.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Փոփոխությունը մասնավորապես վերաբերվում է դեղերի, դեղանյութերի, հետազոտվող
դեղագործական արտադրանքի եւ դեղաբուսական հումքի ներմուծումը եւ արտահանումը.
Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ կետի «բ» եւ «ե» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 21. Դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի եւ դեղաբուսական հումքի ներմուծումը եւ արտահանումը
2. Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք եւ հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու իրավունք ունեն`
բ. օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրերի շրջանակներում դեղեր ներմուծող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը,
ե. պետական մարմինները,.
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Օրենքի փոփոխությամբ 2024 թվականի նոյեմբերի 8-ից ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք եւ հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրերի շրջանակներում դեղեր ներմուծող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին եւ պետական մարմիններին վերաբերող դրույթները։ Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք եւ հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում ներառված չեն օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրերի շրջանակներում դեղեր ներմուծող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը եւ պետական մարմինները։
ՄԱՍ II. ՆԱԽԱԳԾԵՐ
(Իրավական թարմացումների այս բաժնում ներառվում են այն իրավական ակտերը, որոնք 2024թվականի նոյեմբեր ամսվան քննարկվել են կամ դրվել են քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միանական կայքէջում)
1. «Շենքերի եւ շինությունների անձնագրավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Օրենսդրական ակտի անվանումը՝
«Շենքերի եւ շինությունների անձնագրավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագիծ.
Փոփոխության կարգավիճակը՝
Նախագծի քննարկման տեւողությունն է՝ 11.11.2024-26.11.2024թ։
Նախագիծը քննարկվում է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական
կայքէջում.
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Նախագծի արդյունքում ընդունվելու է «Շենքերի եւ շինությունների անձնագրավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմումը.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Կարգը սահմանում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ սահմանված IV եւ V ռիսկայնության աստիճան ունեցող՝ նոր կառուցվող (նորակառույց), ինչպես նաեւ պետական կամ համայնքային ենթակայության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերի եւ շինությունների անձնագրավորման կարգը, այդ թվում՝ անձնագրավորման գործընթացի պարտադիր եւ խորհրդատվական բնույթ կրող կարգավորումները։ Սույն կարգը տարածվում է քաղաքաշինական գործունեության այն սուբյեկտների վրա, որոնց մասնակցությամբ նախագծվում եւ կառուցվում են բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության նոր շենքեր ու շինություններ, հիմնանորոգվում, վերականգնվում կամ նորոգվում են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքեր եւ շինություններ (այսուհետ՝ շենքեր եւ շինություններ):
ՆԱԽԱԳԻԾ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
«_________» «___» -ի N - Ն որոշման
ԿԱՐԳ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ սահմանված IV եւ V ռիսկայնության աստիճան ունեցող՝ նոր կառուցվող (նորակառույց), ինչպես նաեւ պետական կամ համայնքային ենթակայության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքերի եւ շինությունների անձնագրավորման կարգը, այդ թվում՝ անձնագրավորման գործընթացի պարտադիր եւ խորհրդատվական բնույթ կրող կարգավորումները։ Սույն կարգը տարածվում է քաղաքաշինական գործունեության այն սուբյեկտների վրա, որոնց մասնակցությամբ նախագծվում եւ կառուցվում են բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության նոր շենքեր ու շինություններ, հիմնանորոգվում, վերականգնվում կամ նորոգվում են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շենքեր եւ շինություններ (այսուհետ՝ շենքեր եւ շինություններ):
2. Շենքերի եւ շինությունների անձնագրավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին, քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված անձնագրերի օրինակելի ձեւերին եւ դրանց լրացման մեթոդական ուղեցույցին համապատասխան՝ շենքերի պահպանման, անվտանգ շահագործման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու նպատակով:
3. Շենքերի եւ շինությունների անձնագրավորման գործընթացն իրականացվում է կառուցապատողի նախաձեռնությամբ՝ քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի կողմից լիցենզավորված կազմակերպության հետ պայմանագրի կնքման միջոցով:
4. Ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ պետական (կամ համայնքի, վարկային եւ դրամաշնորհային) միջոցների հաշվին կառուցվող (նորակառույց) բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության շենքերի, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձան հանդիսացող օբյեկտների վերականգնման, հիմնանորոգման եւ նորոգման դեպքում՝ անձնագրավորման ծախսերը ներառվում են դրանց նախահաշվային արժեքներում:
5. Նորակառույց են համարվում սույն կարգի ընդունումից հետո նախագծված, բարձր եւ բարձրագույն ռիսկայնության բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների շենքերն ու շինությունները:
2. ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
7. Շենքերի եւ շինությունների անձնագրավորման գործընթացի պատվիրատուներն են` կառուցապատող հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները:
8. Շենքերի եւ շինությունների անձնագրավորման գործընթացի շահառուներն են` շենքերը շահագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք՝ բազմաբնակարան, հանրակացարանային շենքերի բնակիչներ (սեփականատեր, վարձակալ), հասարակական նշանակության շենքերում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, այդ ծառայություններից օգտվող քաղաքացիներ:
3. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10. Շենքերի եւ շինությունների անձնագրերը կազմվում են պայմանագրային հիմունքներով՝ <Լիցենզավորման մասին> օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած շենքերի եւ շինությունների անձնագրերի օրինակելի ձեւերին եւ դրանց լրացման մեթոդաբանությանը համապատասխան:
11. Շենքերի եւ շինությունների անձնագրերի օրինակելի ձեւերը դասակարգվում են ըստ շենքերի եւ շինությունների նպատակային նշանակության՝ բնակելի, հասարակական եւ արտադրական՝ անձնագրերի օրինակելի ձեւերում ներառված առանձին պահանջների համաձայն:
13. Շենքերի եւ շինությունների անձնագրային տվյալները (ճարտարապետական, կոնստրուկտիվ եւ ինժեներական համակարգերի բնութագրերը, դրանց անվտանգ, արդյունավետ ու մատչելի շահագործման պայմանները, հիմնական այլ տեղեկությունները տարածքների սանիտարահիգիենիկ եւ բնապահպանական չափորոշիչների, տեխնիկական վիճակի հետազննության արդյունքների վերաբերյալ) դիտարկվում են այդ շենքերի ու շինությունների հետագա պահպանման, վերանորոգման, վերակառուցման, հիմնանորոգման, ընդլայնման, վերազինման, արդիականացման, վերականգնման նախագծային նոր լուծումների մշակման ընթացքում, ինչպես նաեւ շահագործման բարելավման միջոցառումների ընտրության հիմքում:
14. Շենքերի եւ շինությունների անձնագրավորման պատվիրատուները պայմանագրային հիմունքներով ձեռք բերված անձնագրերի բնօրինակի մեկական տարբերակ փոխանցում են շենքերի ու շինությունների համայնքների ղեկավարներին՝ անձնագիրը ձեռք բերելուց հետո 10-օրյա ժամկետում:
15. Շենքերի եւ շինությունների անձնագրերի պատճենները (կամ դրանց էլեկտրոնային տարբերակները) ըստ պահանջի կարող են տրամադրվել շենքերի եւ շինությունների բոլոր շահառուներին՝ անհատույց:
16. Շենքերի եւ շինությունների անձնագրերի բնօրինակների կորստի դեպքում՝ նոր տեխնիկական անձնագրի կազմման աշխատանքները պատվիրվում են անձնագիրը կազմող հեղինակին կամ գործունեության համապատասխան լիցենզիա ունեցող այլ իրավաբանական անձի՝ պայմանագրային հիմունքներով՝ պատվիրատուների միջոցների հաշվին:
17. Գոյություն ունեցող շենքերի եւ շինությունների անձնագրերի ձեռքբերման գործընթացը կրում է խորհրդատվական բնույթ, իրականացվում է այդ շենքերի եւ շինությունների պատվիրատուների սեփականատերերի, վարձակալների կողմից, իրենց միջոցների հաշվին, սեփական հայեցողությամբ:
18. Անձնագրավորված շենքերում եւ շինություններում վերանորոգման, վերակառուցման, հիմնանորոգման, ընդլայնման, վերազինման, արդիականացման, վերականգնման, դրա նպատակային նշանակության փոփոխության աշխատանքներ իրականացնելու դեպքում գոյություն ունեցող անձնագրում կատարվում են համապատասխան լրամշակումներ (փոփոխություններ ու լրացումներ) կամ մշակվում է նոր անձնագիր: Անձնագրում կատարված փոփոխությունները կամ մշակված նոր անձնագիրը հաստատվում են պատասխանատուների՝ անձնագրի լրամշակում իրականացնողի կամ անձնագիրը մշակողի կողմից:
.
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Նախագծի շրջանակներում սահմանվել են անձնագրավորման շահառուներ եւ անձնագրավորման պատվիրատուներ, պատասխանատուներ:
Նախագծի հիմնական կարգավորումները նորմատիվ բնույթի են եւ վերաբերում են Նախագծի ընդունումից հետո նորակառույց բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակլության շենքերի անձնագրավորման ապահովման գործընթացին, որը պետք է իրականացվի նախագծային փաստաթղթերի հիման վրա՝ նախագծողի կամ գործունեության համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով:
Նախագծի կարգավորման առարկա են հանդիսանում նաեւ պետական եւ համայնքային նշանակության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները, որոնց վերակառուցման/վերականգնման կամ նորոգման դեպքում անհրաժեշտ կլինի այդ հուշարձանների համար եւս ձեռք բերել համապատասխան անձնագրեր.
2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու եւ ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին
Օրենսդրական ակտի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու եւ ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին.
Փոփոխության կարգավիճակը՝
Նախագծի քննարկման տեւողությունն է՝ 21.11.2024-06.12.2024թ։
Նախագիծը քննարկվում է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական
կայքէջում
Ինչ այլ օրենսդրական ակտեր են փոփոխվելու դրա արդյունքում՝
Նախագծի արդյունքում հաստատվելու է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու եւ ներմուծման ընթացակարգը.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Նախագծի ընդունմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացված՝ 8.0 հազ. հատ քանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացը։
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու եւ ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N134 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ապրանքներ) «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպումը կամ, որպես, անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, ազատ շրջանառության համար բացթողումը 2025 թվականի ընթացքում թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով՝ 8000 հատից ոչ ավելի քանակով, որից՝
- ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 5000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց (այսուհետ՝ շահառու), որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր (համաձայնագիր).
- ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող 3000 հատից ոչ ավելի քանակով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) առկայության պարագայում։
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից օգտված շահառուները չեն կարող օգտվել նույն կետի 2-րդ ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի սակագնային արտոնությունից օգտվածները՝ նույն կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնային արտոնությունից։
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 134 որոշման կիրարկման իմաստով:
4. Հաստատել ապրանքների ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2025 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ, որից՝ ոչ ավելի, քան 5000 հատ քանակով՝ ներմուծումը թույլատրվում է ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց, որոնք չունեն անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագիր եւ 3000 հատից ոչ ավելի քանակով՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական- դիստրիբյուտորական պայմանագրի, ավտոարտադրողի կողմից տրամադրված գործարանային երաշխիքային սպասարկում եւ հետերաշխիքային տեխնիկական սպասարկում իրականացնելու պարտավորությունը հաստատող փաստաթղթի եւ փակ տեխնիկական սպասարկման կայանի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր, լուսանկարներ) առկայության պարագայում:
ՄԱՍ III. ՆՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
(Իրավական թարմացումների այս բաժնում ներառվում են 2024 թվականի նոյեմբեր ամսվան նոր ընդունված իրավական ակտերը)
1. Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով անձանց նախաորակավորման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշում
Օրենսդրական ակտի անվանումը՝
Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով անձանց
նախաորակավորման կարգը սահմանելու մասին N 1821-Ն
Փոփոխության կարգավիճակը՝
Սույն Որոշումն ուժի մեջ է մտել 2024 թվականի նոյեմբերի 21-ից.
Ինչին են վերաբերում փոփոխությունները՝
Որոշումը նպատակ ունի առավել օբյեկտիվ եւ մրցակցային դարձնել անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով տնտեսվարող սուբյեկտների ընտրության գործընթացը:
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ:
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ անմաքս առեւտրի խանութի կազմակերպման նպատակով պետական կամ համայնքային անշարժ գույքի վարձակալության մրցույթին կարող են մասնակցել միայն սույն որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորում ունեցող իրավաբանական անձինք:
3. Սույն որոշմամբ սահմանված կարգի 10-րդ կետում նշված մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի կազմը ձեւավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել հանձնաժողովի անդամների տվյալները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի նոյեմբերի 21-ի
N 1821-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով անձանց նախաորակավորման կարգը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով եւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված իմաստներով:
3. Հայաստանի Հանրապետությունում անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորված են համարվում սույն կարգի 4-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանող այն անձինք, որոնց կողմից սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումը բավարարվել է սույն կարգի 7-րդ կետում նշված հանձնաժողովի կողմից (այսուհետ` հանձնաժողով):
2. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
4. Նախաորակավորման նպատակով հանձնաժողովին կարող են գրավոր դիմել հետեւյալ չափանիշներին համապատասխանող անձինք`
1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ է.
2) գործում է հարկման ընդհանուր համակարգում:.
3. ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով նախաորակավորում ստանալու համար անձը հանձնաժողովին ներկայացնում է համապատասխան դիմում` սույն կարգի N 1 ձեւին համապատասխան:
6. Դիմումին կցվում են հետեւյալ փաստաթղթերը`
1) տվյալ ոլորտում գործունեության փորձի, այդ թվում` այլ երկրներում գործելու հանգամանքի (հանդիսանո՞ւմ է արդյոք միջազգային ցանց, թե՞ ոչ, եթե այո, ապա քանի՞ երկրում է ներկայացված) վերաբերյալ փաստաթղթեր.
2) անմաքս առեւտրի խանութի գործունեությամբ զբաղվելու գործարար ծրագիրը.
3) էլեկտրոնային փոստի հասցեն, որին պետք է ուղարկվեն հանձնաժողովի ծանուցումները:
7. Նախաորակավորումն իրականացվում է հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից:
8. Հանձնաժողովը կազմված է 6 անդամից, այդ թվում` նախագահը եւ քարտուղարը:
9. Հանձնաժողովի նախագահ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահը կամ կոմիտեի նախագահի որոշմամբ` նրա տեղակալներից մեկը, իսկ քարտուղար` կոմիտեի նախագահի որոշմամբ` կոմիտեի ստորաբաժանումներից մեկի աշխատողը:
10. Հանձնաժողովը ձեւավորվում է հետեւյալ կազմով` կոմիտեից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից երկուական անձ:
11. Հանձնաժողովի կազմը վերը նշված մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա հաստատում է կոմիտեի նախագահը:
12. Հանձնաժողովի քարտուղարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է նախաորակավորմանը մասնակցելու համար ներկայացված դիմումը եւ դրան կցված փաստաթղթերի փաթեթի ամբողջականությունը:
13. Ներկայացված դիմումի կամ փաստաթղթերի փաթեթի թերի կամ ոչ լիարժեք լինելու դեպքում սույն կարգի 12-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովին եւ էլեկտրոնային փոստի միջոցով հանձնաժողովի անունից ծանուցում է դիմումատուին` առաջարկելով հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում դիմումը եւ փաստաթղթերի փաթեթը վերադարձվում են դիմումատուին:
14. Հանձնաժողովի քարտուղարը նախաորակավորմանը մասնակցելու համար ներկայացված դիմումը եւ դրան կցված փաստաթղթերի փաթեթը դիմումի ստացման կամ սույն կարգի
13-րդ կետում նշված թերությունների վերացման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանձնաժողովի անդամներին:
15. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջիններիս մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը, իսկ հանձնաժողովի անդամների 2/3-ից պակաս լինելու դեպքում նիստը համարվում է չկայացած եւ նշանակվում է նոր նիստ: Հանձնաժողովն իր նիստերի անցկացման օրվա եւ ժամի մասին ոչ ուշ, քան նիստն անցկացնելուց 3 օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է բոլոր այն անձանց, որոնց ներկայացրած դիմումները պետք է քննարկվեն տվյալ նիստի ընթացքում:
16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը` հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:
17. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին դիմումների ներկայացման օրվան հաջորդող օրվանից հաշվարկված 5 աշխատանքային օրվանից ոչ շուտ եւ 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ հրավիրում է հանձնաժողովի նիստ:
18. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի համար կազմվում է արձանագրություն: Արձանագրություններն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի եւ նիստին մասնակցած մյուս անդամների կողմից:
4. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
19. Սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ներկայացված գործարար ծրագիրը պետք է պարունակի տեղեկությունները`
1) անմաքս առեւտրի խանութում ապրանքների վաճառքի կտրոնների տպագրումն ապահովելու մասին, որոնց վրա առնվազն պետք է արտացոլված լինի հետեւյալ տեղեկատվությունը`
ա. վաճառքն իրականացրած անմաքս առեւտրի խանութի գործունեության իրականացման վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, հարկ վճարողի անվանումը,
բ. յուրաքանչյուր վաճառքի ամսաթիվը, ժամը, րոպեն,
գ. վաճառվող յուրաքանչյուր ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 10 նիշի մակարդակով,
դ. վաճառվող յուրաքանչյուր ապրանքի նկարագրությունը (այդ թվում` բրենդի անվանումը),
ե. վաճառվող յուրաքանչյուր ապրանքի քանակը, չափի միավորը,
զ. վաճառվող յուրաքանչյուր ապրանքի արժեքը եւ հանրագումարը դրամով,
է. գնորդի անունը, ազգանունը եւ անձը հաստատող փաստաթղթի համարը,
ը. օդային տրանսպորտով մեկնող կամ ժամանող անձանց ապրանքի վաճառքի դեպքում` չվերթի համարը եւ նստեցման կտրոնի վրա նշված նստեցման տեղը` բացառությամբ ինքնաթիռի անձնակազմի անդամների,
թ. գնորդի կատեգորիան` «ԵԱՏՄ անդամ պետություններ մեկնող ուղեւոր», «ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղեւոր», «Երրորդ պետություններ մեկնող ուղեւոր», «Երրորդ պետություններից ժամանող ուղեւոր», «Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակից», իսկ օդային տրանսպորտով մեկնող կամ ժամանող անձանց դեպքում` նաեւ «Ինքնաթիռի անձնակազմի անդամ»,
ժ. ապրանքի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը` «Միության ապրանք» կամ «Օտարերկրյա ապրանք».
2) անմաքս առեւտրի խանութում ապրանքների վաճառքների էլեկտրոնային հաշվառումը եւ դրա առցանց հասանելիությունը կոմիտեին ապահովելու մասին: Առցանց եղանակով կոմիտեին պետք է հասանելի դարձվի սույն կետի 1-ին ենթակետում նշված տեղեկատվությունը.
3) ապրանքների շարժի հաշվառումը եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում համապատասխան հաշվետվությունների եւ տեղեկատվության ներկայացումը կոմիտե ապահովելու մասին.
4) անմաքս առեւտրի խանութում կատարվող գործողությունները` սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված պայմաններով տեսագրելու եւ ձայնագրելու հնարավորությունը, ինչպես նաեւ այդ սարքերին ու տեսաձայնագրություններին ամբողջական հասանելիությունը կոմիտեի համար
ապահովելու մասին.
5) հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրված եւ ձայնագրված նյութերը յուրաքանչյուր օրվա համար առանձին համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա պահպանվելու մասին, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու եւ լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաեւ տեսագրման ամսաթիվը եւ ժամը: Տեսագրված եւ ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն անմաքս առեւտրի խանութի տիրապետողի մոտ առնվազն 30 օր.
6) անմաքս առեւտրի խանութում իրացման համար ցուցադրվող ապրանքների շարքում առնվազն 10% տեղական արտադրության ապրանքների առկայությունն ապահովելու մասին.
7) Հայաստանի Հանրապետությունում գործունեության առնվազն 5 տարվա փորձ ունեցող աուդիտորական որեւէ ընկերության կողմից անմաքս առեւտրի խանութի տիրապետողի տարեկան արտաքին աուդիտի իրականացումը եւ աուդիտի եզրակացության ներկայացումը կոմիտե ապահովելու մասին` կոմիտեի կողմից աուդիտի եզրակացությունը հրապարակելու համար.
8) գործարար ծրագրի իրականացման ժամկետի, նախատեսվող ներդրումների չափի եւ ուղղությունների (շինարարություն, հիմնական միջոցներ, շրջանառու միջոցներ եւ այլն), ինչպես նաեւ ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ:
5. ԴԻՄՈՒՄԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
20. Դիմումը գնահատվում է հանձնաժողովի կողմից սույն կարգի 21-րդ կետում նշված չափանիշներով N 2 ձեւով նախատեսված` մինչեւ առավելագույն միավորներ տրամադրելու միջոցով` հիմք ընդունելով սույն կարգի N 4 ձեւի մեթոդաբանությունը:
21. Դիմումի գնահատման չափանիշներն են`
1) տվյալ ոլորտում գործունեության փորձի, այդ թվում` այլ երկրներում գործելու հանգամանքը (հանդիսանո՞ւմ է արդյոք միջազգային ցանց, թե՞ ոչ, եթե այո, ապա քանի՞ երկրում է ներկայացված).
2) գործարար ծրագրի համապատասխանությունը սույն հավելվածի 4-րդ բաժնի պահանջներին:
22. Դիմումի գնահատման արդյունքներն ամփոփվում են` հաշվի առնելով յուրաքանչյուր չափորոշչի` հանձնաժողովի անդամների կողմից գնահատականների միջին թվաբանական արդյունքը:
23. Ամփոփման արդյունքում 49 եւ ավելի միավոր ստացած դիմումների վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:
24. Դրական եզրակացություն ստացած անձը համարվում է նախաորակավորում ստացած` հանձնաժողովի կողմից կայացվող` սույն կարգի N 3 ձեւի որոշմամբ: Բացասական եզրակացություն ստացած անձին մերժվում է նախաորակավորված սուբյեկտի կարգավիճակի տրամադրումը` սույն կարգի N 5 ձեւի որոշմամբ:
25. Դիմումի գնահատման արդյունքներն ամփոփվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումատուները նախաորակավորում ստանալու կամ նախաորակավորումը մերժելու մասին գործընթացի արդյունքների ամփոփումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով: Նշված տեղեկատվությունը հրապարակվում է նաեւ կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում:
26. Նախաորակավորումը տրվում է 5 տարի ժամկետով, որից հետո անձը համարվում է նախաորակավորում չունեցող: Գործող նախաորակավորում ունեցող անձը կարող է կրկին անգամ նախաորակավորվելու համար դիմել գործող նախաորակավորման ժամկետի ավարտից ոչ շուտ, քան մեկ տարի առաջ:
27. Հետագա գործունեության ընթացքում անձը պարտավոր է ապահովել նախաորակավորման նպատակով հանձնաժողովին ներկայացված գործարար ծրագրով նախատեսված ցուցանիշները եւ այլ դրույթները:
28. Կոմիտեն կարող է իրականացնել ընթացիկ հսկողություն անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկված անձանց կողմից նախաորակավորման չափանիշների եւ պահանջների պահպանման նկատմամբ: Այդպիսի չափանիշների եւ պահանջների չպահպանման կամ խախտման հայտնաբերված դեպքերի մասին կոմիտեն անհապաղ տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին` ուղեկցական գրությամբ, որին կցվում են համապատասխան հիմնավորող փաստաթղթերը:
29. Սույն կարգի 28-րդ կետում նշված տեղեկացումն ստանալուց հետո հանձնաժողովի նախագահը նշանակում է հանձնաժողովի նիստ` առաջնորդվելով սույն կարգի 12-18-րդ կետերով, որի ընթացքում քննարկվում է կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունը: Քննարկման արդյունքում հանձնաժողովը բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ որոշում է կայացնում կոմիտեի ներկայացրած տեղեկատվության կապակցությամբ խախտման կամ անհամապատասխանության առկայության կամ բացակայության վերաբերյալ: Քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:
30. Անձը զրկվում է նախաորակավորումից եւ հանվում է անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրից, եթե հանձնաժողովը կայացնում է խախտման կամ անհամապատասխանության առկայության վերաբերյալ որոշում:
Առաջարկներ/ Պարզաբանումներ
Առաջարկում ենք ծանոթանալ նոր իրավական փոփոխությանը, համաձայն որի Կառավարության 21 նոյեմբերի 2024 թվականի N 1821-Ն Որոշմամբ ուժի մեջ է մտել «Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով անձանց նախաորակավորման կարգը սահմանելու մասին» կարգը, որը սահմանում է, որ որ անմաքս առեւտրի խանութի կազմակերպման նպատակով պետական կամ համայնքային անշարժ գույքի վարձակալության մրցույթին կարող են մասնակցել միայն սույն որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորում ունեցող իրավաբանական անձինք։
ՄԱՍ IV. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐ