ԻՐԱՎԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
ՀՈՒՆՎԱՐ 2025
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԿՏԵՐ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՒ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1 Բողոքարկման խորհրդի No2024-14-6-Ա որոշում «MASTER» համակցված ապրանքային նշանը
Հայաստանի Հանրապետությունում դաս 34 «սիգարետներ, ծխագլանակներ» ապրանքների
համար 2018թ. հունվարի 1-ի դրությամբ հանրահայտ ճանաչելու վերաբերյալ
2. Դատական Գործ N: ԵԴ2/0716/02/24 չգրանցված ապրանքային նշանի
օգտագործումն արգելելու մասին
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՓՈԽՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՒ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐ
(Սույն բաժնում ներառվում են մտավոր սեփականության ոլորտում տեղի ունեցած իրավական թարմացումները, մտավոր սեփականության բողոքարման խորհրդի կողմից ընդունված որոշումները, ինչպես նաեւ նախադեպայն պրակտիկա ձեւավորած դատական ակտերը)
1. Բողոքարկման խորհրդի No2024-14-6-Ա որոշում «MASTER» համակցված ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում դաս 34 «սիգարետներ, ծխագլանակներ» ապրանքների համար 2018թ. հունվարի 1-ի դրությամբ հանրահայտ ճանաչելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհուրդը (այսուհետ՝ նաեւ բողոքարկման խորհուրդ) 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ճանաչեց «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «MASTER» համակցված ապրանքային նշանը որպես հանրահայտ ապրանքային նշան։
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհուրդը (այսուհետ՝ նաեւ բողոքարկման խորհուրդ) 2024 թվականի դեկտեմբերի 5-ի նիստում քննարկեց 2024 թվականի հոկտեմբերի 31-ին «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ ընկերության անունով «MASTER» համակցված ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում դաս 34 «սիգարետներ, ծխագլանակներ» ապրանքների համար 2018թ. հունվարի 1-ի դրությամբ հանրահայտ ճանաչելու վերաբերյալ դիմումը:
Բողոքարկման խորհուրդը դիմումի նախնական քննարկման արդյունքները ներկայացնելիս նշեց, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերում եւ հիմնավորումներում կան բավարար տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, որ «MASTER» համակցված ապրանքային նշանը օգտագործման արդյունքում 01.01.2018 թվականի դրությամբ լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության համապատասխան շրջանակների համար այն ապրանքների նկատմամբ, որոնց համար օգտագործվել է ապրանքային նշանը:
Բերված տեղեկությունները ցույց են տալիս, որ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն հանդիսանում է տվյալ ոլորտում խոշոր արտադրող, հաստատել է իր կայուն տեղը հայկական շուկայում եւ ունի արտադրատեսակների լայն ընտրանի:
Ելնելով վերը նշվածից կոլեգիան եկել է այն եզրակացության, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն ներկայացված ապրանքային նշանը կարող է ճանաչվել հանրահայտ ՀՀ-ում «սիգարետներ, ծխագլանակներ» ապրանքների համար:
Համաձայնվելով կոլեգիայի նախնական կարծիքի հետ, եւ ղեկավարվելով ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 6-ի N774-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բողոքարկման խորհրդում բողոքների, դիմումների եւ առարկությունների քննարկման կարգի» 82-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով` բողոքարկման խորհուրդը որոշեց «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը «MASTER» համակցված ապրանքային նշանը 01.01.2018թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ԱԾՄԴ 34-րդ դասի «սիգարետներ, ծխագլանակներ» ապրանքների համար հանրահայտ ճանաչելու վերաբերյալ ամբողջովին բավարարել։
2. Դատական Գործ N: ԵԴ2/0716/02/24 չգրանցված ապրանքային նշանի օգտագործումն արգելելու մասին
1. «Դիզակ Ֆուդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը 30.01.2024 թվականին հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ խնդրելով արգելել պատասխանող «Վանիլլա» ՍՊԸ-ին օգտագործել չգրանցված «ՎԱՆԻԼԼԱ» ապրանքային նշանը, որը նույնական է հայցվոր ընկերության կողմից գրանցված ապրանքային նշանին:
2. Դատարանը քննարկվող գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի եւ ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, քննարկել է ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջեւ բաշխելու հարցը եւ սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող եւ ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, այն է`
1) «Դիզակ Ֆուդ» ՍՊԸ-ի՝ սկսած 2015 թվականից հրուշակեղենի, տորթերի եւ այլ քաղցրավենիքի առեւտրային գործունեությամբ զբաղվելու, «VANILLA» ապրանքային նշանի իրավատեր հանդիսանալու եւ ապրանքային նշանը տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու բացառիկ իրավունք ունենալու փաստերը:
2) «Վանիլլա» ՍՊԸ-ն 2023 թվականի նոյեմբեր ամսից ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված լինելու փաստը:
3) «Վանիլլա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ, ք. Երեւան, Ազատության պողոտա 17 հասցեում հրուշակեղենի, տորթերի եւ այլ քաղցրավենիքների խանութ-սրահ բացած լինելու եւ խանութ-սրահի վրա «ՎԱՆԻԼԼԱ ԼԻԼԻ» գրառումը փակցված լինելու, «ՎԱՆԻԼԼԱ»գրառումը համեմատաբար ավելի մեծ եւ ակնառու, իսկ «ԼԻԼԻ» գրառումը ավելի փոքր լինելու փաստերը:
4) Պատասխանող «Վանիլլա» ՍՊԸ-ի կողմից «VANILLA» ապրանքային նշանը ապօրինի օգտագործելու փաստը:
5) Պատասխանող «Վանիլլա» ՍՊԸ-ի կողմից «VANILLA» ապրանքային նշանը հայցվոր «Դիզակ Ֆուդ» ՍՊԸ-ի անունով գրանցված ապրանքային նշանի հետ նույնական լինելու եւ այնպիսի ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ օգտագործված լինելու, որոնք նույնական են այն ապրանքներին եւ (կամ) ծառայություններին, որոնց համար «Դիզակ Ֆուդ» ՍՊԸ-ի կողմից գրանցված է «VANILLA» ապրանքային նշանը:
6) Պատասխանող «Վանիլլա» ՍՊԸ-ի կողմից «VANILLA» ապրանքային նշանի օգտագործումը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ պարունակելու փաստը: 7) «Վանիլլա» բառն ինքնուրույն պաշտպանության ենթակա չլինելու փաստը:
3. Սույն գործի փաստական հանգամանքների, մասնավորապես՝ «ՀՀ մտավոր սեփականության գրասենյակ ապրանքային նշաններ» վերտառությամբ փաստաթղթի հիման վրա Դատարանը փաստել է, որ հայցվոր «Դիզակ Ֆուդ»ՍՊԸ-ն հանդիսանում է «VANILLA» ապրանքային նշանի իրավատերը, հետեւաբար, հայցվորը ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով հանդիսանում է մտավոր սեփականություն հանդիսացող օբյեկտի՝ ապրանքային նշանի իրավատեր, ով ունի բացառիկ իրավունք տիրապետել, տնօրինել եւ օգտագործել այն, այդ թվում՝ թույլ տալ կամ արգելել դրա օգտագործումն այլ անձանց կողմից:
4. Դատարանի՝ ապացուցման պարտականությունը բաշխելու որոշման 3-րդ, 4-րդ, 5–րդ եւ 6–րդ կետերով սահմանված փաստերի՝ «Վանիլլա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ, ք. Երեւան, Ազատության պողոտա 17 հասցեում հրուշակեղենի, տորթերի եւ այլ քաղցրավենիքների խանութ-սրահ բացած լինելու եւ խանութ-սրահի վրա «ՎԱՆԻԼԼԱ ԼԻԼԻ» գրառումը փակցված լինելու, «ՎԱՆԻԼԼԱ» գրառումը համեմատաբար ավելի մեծ եւ ակնառու, իսկ «ԼԻԼԻ» գրառումը ավելի փոքր լինելու, պատասխանող «Վանիլլա» ՍՊԸ-ի կողմից «VANILLA» ապրանքային նշանը ապօրինի օգտագործելու, «VANILL» ապրանքային նշանը հայցվոր «Դիզակ Ֆուդ» ՍՊԸ-ի անունով գրանցված ապրանքային նշանի հետ նույնական լինելու եւ այնպիսի ապրանքների եւ (կամ) ծառայությունների նկատմամբ օգտագործված լինելու, որոնք նույնական են այն ապրանքներին եւ (կամ) ծառայություններին, որոնց համար «Դիզակ Ֆուդ» ՍՊԸ-ի կողմից գրանցված է «VANILLA» ապրանքային նշանը, ինչպես նաեւ պատասխանող «Վանիլլա» ՍՊԸ-ի կողմից «VANILLA» ապրանքային նշանի օգտագործումը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ պարունակելու փաստերի ապացուցման վերաբերյալ որեւէ ապացույց կամ դրա ձեռքբերմանն ուղղված միջնորդություններ Հայցվորի կողմից սահմանված ժամկետում չի ներկայացվել, ուստի գործում առկա ապացույցների հետազոտումից եւ գնահատումից հետո վիճելի են մնում այդ փաստերի առկայությունը, հետեւաբար ելնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի տրամաբանությունից՝ Դատարանը գտնում է, որ դրա բացասական հետեւանքները պետք է կրի այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը՝ Հայցվորը:
5. Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ սույն գործի փաստերը համադրելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերի հետ՝ Դատարանը գտնել է, որ «ԴԻԶԱԿ ՖՈՒԴ» ՍՊԸ–ի հայցն ընդդեմ «ՎԱՆԻԼԼԱ» ՍՊԸ–ի՝ չգրանցված ապրանքային նշանն օգտագործելն արգելելու պահանջի մասին, ենթակա է մերժման:.